Միլիարդատեր ներդրող Ուորեն Բաֆեթը փետրվարի 3-ին մասնակցել է Omaha ԱՄՆ ռազմածովային մարտական նավի պաշտոնական գործարկման արարողությանը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը: Միլիարդատիրոջ հայրենի քաղաքի պատվին անվանված նավը գործարկվել է Սան Դիեգո նավահանգստում (Կալիֆորնիա) կայացած պաշտոնական արարողութան ժամանակ:

87-ամյա ներդրողի դուստրը՝ Սյուզանը, նավի «կնքամայրն» է, 2015-ին կայացած պաշտոնական արարողության ժամանակ նա 440 միլիոն դոլար արժողությամբ նավին անուն էր տվել: Այս անգամ նա եւս խոսքով հանդես եկավ, ինչից հետո նավը պաշտոնապես մտավ ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմ: