ԱԺ-ում, այսօր՝ փետրվարի 27-ին, Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի երկրորդ պաշտոնի թեկնածու առաջադրված, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը խուսափեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելուց, թե արդյոք 1990-ականների կեսերին Արմեն Ռուստամյանը եղել է քաղբանտարկյալ:
Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց գեւորգ Դանիելյանին՝ նշելով. «Դուք, որպես նախկին արդարադատության նախարար, ռեկորդակիր եք, որովհետեւ ձեր պաշտոնավարման օրոք պատմության մեջ աննախադեպ թվով քաղբանտարկյալներ են եղել: Այդ ժամանակ նրանց նկատմամբ բանտերում կիրառվել են ապօրինի հետապնդումներ, հարձակումներ, որոնք պատշաճ քննության չեն արժանացել: Ինչպե՞ս եք գնահատում ձեր այսօրվա կարգավիճակը որպես թեկնածու»:
Ի պատասխան Գեւորգ Դանիելյանն ընդգծեց, որ Փաշինյանի տեսակետը, թե իր կողից որեւէ քայլ չի ձեռնարկվել, վիճահարույց է. «Դուք շատ լավ գիտեք, որ անգամ ձեր առնչությամբ, երբ եղել է որեւէ ահազանգ, ինձ համար երբեւէ արգելքներ չեն ստեղծվել: Իմ հեռախոսահամարը միշտ զատ է եղել, մշտապես արձագանքելն եմ: Դուք չեք կարող պնդել, որ այդ արձագանքը եղել է ոչ համարժեք: Ինքս եմ անձամբ այցելել ՔԿՀ-են, փորձել եմ հասկանալ ինչպիսին է վիճակը»:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ, որ Դանիելյանը ՀՅԴ առաջարկած թեկնածուն է և հետաքրքրվեց` արդյոք ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քաղբանտարյա՞լ չէր. «1990-ականների կեսերին ՀՅԴ անդամները, ԱԺՄ-ի անդամները եղել են բանտերում: Հիմա նրանք քաղբանտարկյա՞լ են եղել, թե՞ քրեական հանցագործներ: Պարոն Ռուստամյանն էլ «կակռազ» մտավ»,-ասաց Փաշինյանը:
Գեւորգ Դանիելյանն անապատասխան թողեց Արմեն Ռուստամյանին վերաբերող հարցը եւ միայն նշեց հետեւյալը. «Ակնկալում էի, որ այն մարմնի թեկնածուին, որը պարտավորվել է ապաքաղաքականացված լինել, պետք է ավելի շատ իրավական բնույթի հարցեր հնչեին, բայց երևի ձեր դիրքորոշումն այն է, քանի որ դեռևս չեմ ստանձնել այդ պաշտոնը, կարելի է քաղաքական հարցեր տալ։ Ես արդեն հայտնեցի իմ կարծիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
Հավատացած եղեք, քաղբանտարկյալի մեր պատկերացումները դեռեւս գտնվում են զուտ քաղաքական գիտակցության վրա: Ցավոք, դուք ընկալում եք հետեւյալը, որ եթե որեւէ մարդ ունեցել է քաղաքական բնույթի գործունեությունը, եւ դատապարտվել է ցանկացած արարքի համար, միանշանակ հետապնդումը պետք է որակենք քաղաքական, բայց դրանք տարբեր երեւույթներ են»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:
Նշենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է ԱԺ-ն, մյուս 5-ը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից:




























