Սերժ Սարգսյանի հայտարարության մեկնաբանությունը չպետք է վերապահվի միայն նրանց, որոնք ներկա են գտնվել այդ հանդիպմանը, որովհետեւ այն արվել է բոլորին հասանելի ձեւով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է իշխող կոալիցիայի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի երկրորդ պաշտոնի թեկնածու առաջադրված, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ անդրադառնալով 2014 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե պաշտոնապես այլևս երբեք չի առաջադրվելու վարչապետի պաշտոնին:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Գևորգ Դանիելյանից, թե արդյոք 2014 թվականին, երբ իր ներկայությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պաշտոնապես այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, իսկ պառլամենտական կառավարման անցման ժամանակ` վարչապետի պաշտոնին, պաշտոնապե՞ս է հայտարարել, թե՞ կարծիք է հայտնել. «Ձեր տպավորությամբ, երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ պաշտոնապես հայտարարում է, հիմա նա պաշտոնապե՞ս էր հայտարարում, թե՞ կարծիք էր հայտնում», - ասաց Փաշինյանը։
Ի պատասխան Գեւորգ Դսնիելյանն ընդգծեց, որ հայտարարությունը եղել է իրենց ներկայությամբ, բայց այն բոլորին է հասանելի եղել ու ինքը չի կարող մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Կան քաղաքական գործընթացներ, քաղաքական զարգացումներ ու դրանց համատեքստում պետք է գնահատել այս հայտարարությունը։ Կարծի՞ք է, թե՞ տեսակետ, ես դրա պատասխանատուն չեմ»:




























