Հայաստանի իշխանության ներսում ընդհանրապես տեղի է ունենում սահուն, շատ սիրուն իշխանափոխություն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ նկատի ունենալով երիտասարդ կադրերի մուտքը քաղաքականություն եւ բարձր պաշտոններ:

Նրա խոսքով, երիտասարդների մի լավ շքերթ է սկսվել, պրոֆեսիոնալ երիտասարդների եւ դա ուրախացնող է: Մարգարիտ Եսայանը նկատեց, որ Գեւորգ Կոստանյանը 40 տարեկանում արդեն գիտությունների դոկտոր է: «Մեր ապագան վստահելի ձեռքերում է լինելու առնվազն իրավաբանական դաշտում: Մենք ընդհանրապես գնահատում ենք մարդկանց ու երեւույթները առանձին-առանձին: Գլոբալ վերլուծություն չենք անում: Եթե նկատում եք, նաեւ ընդդիմության մեջ էլ են պրոֆեսիոնալներ գալիս: Լաչառությունն այս դահլիճում պակասել է, ավելի պրոֆեսիոնալ, ավելի փաստարկված կռիվ է գնում, ինչը շատ կարեւոր է խորհրդարանական համակարգում»,-ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց. «Պարոն Կոստանյանն ավելիին է արժանի, որը կտեսնենք հետո: Պարոն Կոստանյան, դուք դուխով, թափով առաջ գնացող պետական գործիչ եք»:

Նշենք, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Հրայր Թովմասյանը հրաժարական տվեց, քանի որ առաջադրվել է ՍԴ անդամի թեկնածու: