«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է, որ 50 մլն դրամից ավելի արժեքով անշարժ գույքի գործարքները անկանխիկ պետք է իրականացվեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում հիշյալ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը:

Նրա խոսքով, օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մանիվալ հանձնախմբի անդամակցության վերջինիս կողմից ՀՀ-ում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի արդյունքում տրված առաջարկությունների հետ, ինչպես նաեւ պրակտիկ գործունեության ընթացում վեր հանված խնդիրների շտկմամբ:

«Հիմնական փոփոխությունները վերաբերում էին նրան,  որ նախատեսվում է զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հասկացությունը հստակեցնել, սահմանել գույքի սառեցման պարտականություն, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքում զանգվածային ոչնչացման զենքի տարածման հանցակազմը համապատասխանեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւիի պահանջներին:

Նաեւ պահանջ էր սահմանվել 50 մլն դրամը գերազանցող գործարքների դեպքում, դրանք իրականացնել անկանխիկ եղանակով: Նման գործարքները ընդհանուր գործարքների մեջ 1,9 տոկոս են կազմում»,-ընդգծեց ԿԲ փոխնախագահը՝ հավելելով, որ վերջին դրույթն ուժի մեջ է մտնելու ընդունվելուց հետո 6 ամիս անց: