Վենեսուելայի իշխանությունները ավիաընկերություններին թույլ են տվել տոմսերը վաճառել կրիպտոարժույթ «պետրոյով»: Այս մասին հայտնել է կրիպտոարժույթի ակտիվների պետական վարչության ղեկավար Կառլոս Վարգասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրահանգների համաձայն՝ ավիաընկերություններին թույլատրվում է ազգային եւ միջազգային չվերթների տոմսերն իրացնել «պետրոյով» եւ այլ կրիպտոարժույթներով»,- Twitter նշել է Վարգասը:
Մինչ այս Վենեսուելայում ավիատոմսերի վաճառքը թույլատրվում էր միայն բոլիվարով, ինչը երկրում գերինֆլյացիայի պատճառով լրջորեն հարվածում էր ավիափոխադրողների կոմերցիոն շահերին, նրանցից շատերն ընդհանրապես հրաժարվել էին Կարակաս թռիչքներից:
Վենեսուելան փետրվարի 20-ին թողարկել է սեփական՝ նավթով ապահովված կրիպտոարժույթ «պետրոն»: Հենց այդ ժամանակ Մադուրոն հայտարարել էր, որ «պետրոյի» նախնական վաճառքի ծավալը հասել է 735 մլն դոլարի: Այսպիսով, Վենեսուելան դարձել է սեփական կրիպտոարժույթ ունեցող առաջին երկիրը:



























