Նոր աշխատանքային օրենսգրքի (ԱՕ) նախագծին միանշանակ գնահատական տալն անհնար է։ Այս մասին մարտի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը։ Նրա խոսքով, ԱՕ–ի նախագծում կան որոշակի դրույթներ, որոնք բավականին դժվար է գնահատել, քանի որ դրանցից մի քանիսը դրական են, իսկ մյուսները՝ ընդհակառակը՝ բացասական։
Իր հերթին, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշել է, որ դա բարդ եւ բազմամակարդակ խնդիր է։ Նա ընդգծել է, որ Աշխատանքային օրենսգրքի մշակման ժամանակ բավականին մեծ նշանակություն է տրվում այս կամ այն երկրում տիրող սոցիալ–տնտեսական դրությանը։ Սա, նրա խոսքով, մեխանիկական գործընթաց չէ։ «Շատերը կարծում են, որ աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է գործատուի եւ աշխատողի միջեւ հարաբերությունները, բայց դա այդպես չէ»,–նշել է Գագիկ Մակարյանը։
Մակարյանի կարծիքով, Հայաստանում, չնայած անցյալ տարվա բարձր տնտեսական աճին, գործազրկության բավականին բարձր մակարդակ է եւ շատ բարդ սոցիալ–տնտեսական իրավիճակ։
Փորձագետը նկատել է, որ հանրապետությունում անհրաժեշտ է լուծել կրթության հետ կապված խնդիրները, քանի որ վերջին տարիներին այս ոլորտում նկատվում է նկատելի անկում, որը թույլ չի տալիս բիզնեսը զարգացնել եւ աշխատանքային հարաբերությունների ավելի բարձր մակարդակ հաստատել գործատուի եւ աշխատողի միջեւ։
Գործատուների միության նախագահի գնահատականով, գործարար մշակույթը Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է, քանի որ բիզնեսը Հայաստանում սկսել են զարգացնել մարդիկ, որոնք շատ քիչ պատկերացում ունեն այդ ոլորտից՝ սկսած խոշոր ձեռնարկությունների, գործարանների նախկին խորհրդային ղեկավարներից մինչեւ Ղարաբաղում կռված եւ խաղաղ կյանքին վերադարձած զինվորականներ ու քրեական տարրեր։
Միաժամանակ, նա նկատել է, որ որոշ աշխատակիցներ իրենք չեն ցանկանում, որ իրենց ձեւակերպեն պետական աշխատող՝ պետության կողմից տրամադրվող նպաստներից չզրկվելու համար։




























