Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 2-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Նշենք, որ մասնավորապես, «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքով սահմանվում է, որ բժշկության եւ կենսաբանության ոլորտներում արգելվում են եվգենիական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
Օրենքով սահմանվել է կենդանի եւ դիակային դոնորից վերցված օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելք, նաեւ առաջարկվում է օրենքի ներկայիս կարգավորմամբ արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման կարգի հաստատումից բացի կառավարությանը վերապահել նաեւ դրանց ստեղծման եւ նորացման կարգը: Ստեղծվում է արյան ազգային ծառայություն, որը տարբեր բնակավայրերում կունենա իր ստորաբաժանումները:




























