Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր` մարտի 2-ին, ակտիվիստ Վարդգես Գասպարին, ի նշան բողոքի, պառկել է դատարանի շենքի միջանցքում: Բանն այն է, որ Վարդգես Գասպարիին թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ եւ մասնակցել Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին: Դատարանը նիստերից մեկի ընթացքում Վարդգես Գասպարիի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել եւ հեռացրել նիստերի դահլիճից: Այսօր Վարդգես Գասպարին   եկել էր նիստին մասնակցելու, սակայն, առավոտից դատարանի շենքում գտնվող ակտիվիստին այդպես էլ թույլ չտվեցին մտնել նիստերի դահլիճ:

Նշենք, որ Սեֆիլյանի գործով նիստին այժմ պաշտպանական ճառով հանդես է գալիս ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Նշենք, որ մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: