Չպետք է լինի իրավաբանական անձ, որն աղբահանության համար գումար չի վճարում: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Գյումրի այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը գյումրի է այցելել` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին եւ 2018 թ. անելիքներին:
Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները տեղեկացրել են, որ նախորդ տարվա ընթացքում փակվել է 228, իսկ այս տարի ակնկալվում է փակել 257 աղբավայր: Մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Շվեդիայից սպասում են ներդրողների, որոնց հետ քննարկելու են աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիր: Աղբահանություն կատարելու համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ նախորդ տարվա ընթացքում կնքվել է 1972 պայմանագիր: Միաժամանակ, նշվել է, որ մարզում միայն իրավաբանական անձանց թիվը հասնում է 3000-ի, եւ վարչապետը խնդիր է դրել 2018-ի ընթացքում բոլոր իրավաբանական անձանց հետ կնքել պայմանագրեր: «Չպետք է լինի իրավաբանական անձ, որն աղբահանության համար գումար չի վճարում: Մենք նրանից ավելի գումար չենք ցանկանում վերցնել, պարզապես ինքը պետք է վճարի աղբահանության համար»,- ասել է վարչապետը:
Զեկուցվել է նաեւ, որ աղբահանության համար նախորդ տարվա ընթացքում մարզում ծախսվել է 411 մլն դրամ, իսկ գանձվել՝ 190 մլն, որից 95 մլն դրամը՝ ֆիզիկական անձանցից: 2018-ի ընթացքում նախատեսվում է աղբահանության համար գանձումները հասցնել 263 մլն դրամի:



























