«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն առաջարկում է մանկավարժական կազմի աշխատողներին ընդհանրապես արգելել քարոզչությամբ զբաղվել: Այս մասին նա նշել է այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
«Որովհետեւ լավ գիտեք, որ տնօրենը եւ ուսուցիչները աշակերտների ծնողներին կանչում են՝ պատճառաբանելով իրեն աշխատաժամանակից դուրս է: Շատ ներողություն, ես, դուք կամ որեւէ մեկս մեր աշխատաժամանակից դուրս դադարո՞ւմ ենք պատգամավոր լինելուց, կարո՞ղ է՝ դպրոցի տնօրենն աշխատաժամանակից դուրս դառնում է ձյունանուշիկ, կամ չգիտեմ ինչ: Նա նույն իր կարգավիճակն ու ազդեցությունը պահպանում է աշակերտի ծնողների նկատմամբ եւ ծնողները չեն ցանկանա շեղվել ցուցումներից: Այսինքն՝ պետք է կատեգորիկ արգելել մասնակցել ընտրությունների քարոզչության մեջ»,-եզրափակեց նա:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ առաջարկն ընդունելի չէ, քանի որ երբ արգելք են դնում, զրկում են մանկավարժներին քաղաքական կյանքին որոշակի առումով մասնակցության տեսանկյունից. «Մանկավարժը միայն դպրոցում է մանկավարժ եւ դպրոցից դուրս իր գործառույթներն իրականացնելիս ինքն ազատ է իր գործողություններն իրականացնելիս, եթե դրանք չեն ստվերում, կամ չեն արատավորում ուսումնական հաստատության հեղինակությունը»:




























