Եթե մանկավարժներին թույլ չտանք զբաղվել նախընտրական քարոզչությամբ, այդ տրամաբանությամբ, պետք է բուժանձնակազմին կամ այլ սոցիալական ծառայություն մատուցողներին եւս չթողենք նախընտրական քարոզչությանը մասնակցել: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց հանձնաժողովի նորընտիր նախագահ Գեւորգ Կոստանյանն՝ անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի այդ առաջարկին:
Գեւորգ Կոստանյանի խոսքով, քարոզչություն իրականացնել արգելված է ոչ թե հանրային ծառայողներին, այլ հատուկ ծառայություն իրականացնողներին:
Նույն խնդրի առնչությամբ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ այսօրվա իրավիճակն այնպիսն է, որ ուսուցիչների 90 տոկոսը մեկ կուսակցության անդամ են, եւ սա որոշակիորեն խտրականության սկզբունքի հակասություն է, ապա առաջարկեց, որ գուցե կուսակցական դառնալու սահմանափակում դրվի:
Գեւորգ Կոստանյնանն էլ ընդգծեց, որ նման մոտեցումն անընդունելի է. «Քանի որ այսօր մեր մանկավարժներն ավելի շատ այս կուսակցության անդամ են, վաղը այլ կուսակցության կլինեն, ըստ այդմ էլ օրենսդրական միջամտություն տալն անընդունելի է: Ուսուցիչների օրինակը բերելով՝ հանրությունն այլ սոցիալական ծառայություն մատուցողների մասին չենք խոսում, ինչո՞ւ չենք խոսում, քանի որ օրինակ չի եղել: Եվ եթե այս օրինակն առկա է, ուրեմն պետք է սահմանափակե՞նք քարոզչությանը մասնակցելու իրավունքը: Դուք ինքներդ լավ իրավաբաններ եք, պարոնայք, ձեր առաջարկների մասին ավելի խորը մտածեք»:




























