Մենք թիվ մեկ շահագրգիռն ենք՝ Զինված ուժերում ու Պաշտպանության նախարարության համակարգում տեղի ունեցող բոլոր տիպի իրավախատումները բացահայտելու ու դրանց հեղինակներին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով վերջերս դատախազության կողմից բացահայտված 40 միլիոնի յուրացման դեպքին, որը կատարվել էր զինված ուժերում:

«Չի եղել մի դեպք, որը համապատասխան ընթացք չստանա: Ցավոք, դրանք դեռեւս կան, դեռեւս լիարժեք չենք կարող ասել, որ ամբողջությամբ բացառված են նմանատիպ երեւույթները, բայց, միեւնույն ժամանակ, շատ ինտենսիվ աշխատանքներ են տարվում: Պարբերաբար մամուլում հայտնվում են տեղեկություններ, այս կամ այն զինծառայողի կամ պետական պաշտոնյայի չարաշահումների մասին՝ կապված բանակի հետ: Սա ամենօրյա աշխատանք է, որը պետք է իրականացնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք չի ուռճացնել իրավիճակը:

Նա հաստատեց, որ 40 մլն դրամի հափշտակությունն արվել է պատասխանատու պաշտոնյայի կողմից. «Մանրամասները չասեմ, որովհետեւ քննությունը դեռեւս ընթացքի մեջ է», - ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ վնասը բնականաբար, պետք է փոխհատուցվի. «Ինչը հնարավոր է վերականգնել՝ վերականգնվում է, ինչը ոչ, օրենսդրության համապատասխան վճիռները կայացվում են»:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն եւ պաշտոնատար այլ անձիք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում, հափշտակել են շուրջ 40 մլն դրամի ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցներ եւ սարքավորումներ, որն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ: