«Նավթոգազ Ուկրաինի»-ն «Գազպրոմ»-ից պահանջում է 34 տոկոս հավելավճարի փոխհատուցում մարտին չնախատեսված գազի գնման համար Եվրոպայից, հաղորդել է «Նավթոգազ»-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Յուրի Վիտրենկոն։

«Օպերատիվ տվյալներով՝ եվրոպական մատակարարներից գնված գազի միջին գինն այս տարվա մարտին գերազանցել է «Գազպրոմից» գնվող գազի գինը 33,9 տոկոսով։ Այս հավելավճարը կներկայացվի  «Գազպրոմ»-ին փոխհատուցման համար»,-գրել է նա իր ֆեյբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Ստոկհոլմի առեւտրի պալատի արբիտրաժային որոշումից հետո սկսել էր ուկրաինական «Նավթոգազ» ընկերության հետ գազի մատակարարման եւ տարանցման մասին պայմանագրերի դադարեցման գործընթաց:

«Գազպրոմ»-ը ուրբաթ հայտարարել էր, որ կսկսի պայմանագրերը դադարեցնելու գործընթացը, քանի որ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը անարդարացի որոշում է կայացրել: «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլերի խոսքերով՝ որոշումը զգալիորեն խախտել է շահերի հավասարակշռությունը:

Փետրվարի 28-ին Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը պարտավորեցրել է «Գազպրոմ»-ին ուկրաինական կողմին 4,6 միլիարդ դոլար վճարել տարանցման մասին պայմանագրով գազի ոչ բավականաչափ ծավալներ մատակարարելու համար:

Հաշվի առնելով մեկ այլ վեճի վերաբերյալ որոշումը, որի համաձայն «Նավթոգազ»-ը ռուսական ընկերությանը երկու միլիարդ դոլար է պարտք՝ «Գազպրոմ»-ը պետք է ուկրաինական կողմին վճարի 2,56 միլիարդ դոլար:

Մարտի 2-ին «Նավթոգազ»-ը հայտարարել է, որ «Գազպրոմ»-ը հրաժարվել է մարտ ամսվա Ուկրաինային համար գազ մատակարարել եւ 20 տոկոսով նվազեցրել է համակարգի իր հատվածում գազամուղների ճնշումը: Ուկրաինայում գազի սպառման ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել: