Ստամբուլի հայտնի Բիլգի համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել պոռնոֆիլմը որպես ավարտական թեզ ղեկավարած եւ գնահատած դասախոսների հեռացման դեմ եւ պահանջել են, որ նրանց հետ ընդունեն աշխատանքի։

Ուսանողները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Ակադեմիական ազատություն», «Բիլգիում ազատություն», «Ճնշումներից մենք չենք ընկրկի» եւ այլն։ Ոսանողների բողոքի ակցիային աջակցել է նաեւ Բիլգի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչը, ով մեղադրել է համալսարանի ղեկավարությանը՝ համալսարանը խանութ դարձնելու համար։

Նշենք, որ Բիլգի համալսարանի ֆոտո եւ ռեժիսուրա բաժնի ուսանող 24-ամյա Դենիզը  ավարտական թեզի համար համալսարանի ստուդիաներից մեկում պոռնոֆիլմ էր նկարահանել։   Թուրքական Tempo ամսագրի թղթակիցը այս առիթով զրուցել է Բիլգի համալսարանի 24-ամյա ուսանող Դենիզի հետ, ով բացատրել է, թե իր նպատակն է եղել, որ իր ավարտական թեզը լինի պոռնոֆիլմ՝ ստուգելու, թե համալսարանում ինչքա՞ն է ակադեմիական ազատությունը։ Դենիզը նշել է, թե իրենք սպասել են, որ Թուրքիայի պես երկրում նման ֆիլմի համար աղջիկ դերասան գտնելը դժվար կլինի, սակայն տղա դերասան ավելի մեծ դժվարությամբ են գտել։

Բիլգի համալսարանի ղեկավարությունը իմանալով այս մասին, աշխատանքից հեռացրել է պոռնոֆիլմը ղեկավարած եւ այն գնահատած դասախոսներին։