ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն այս պահին «Դալմա մոլ» առեւտրի կենտրոնում են հետազոտություն իրականացնում: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է  ԱԻՆ լրատվական ծառայության պատասխանատու Նանա Գնդոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր, մտահոգված լինելով Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությամբ, շարունակում են հարցնել, թե արդյոք ՀՀ ԱԻՆ-ը իրականացնում է ստուգումներ Հայաստանի առեւտրային կենտրոններում:

Հայտնում եմ, որ 2018թ.-ի սկզբից ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առեւտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ եւ այլն): Հետազոտությունները շարունակվում են:

Հենց այս պահին մեր փորձագետները «Դալմա մոլ» առեւտրի կենտրոնում են հետազոտություն իրականացնում: Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով»,-գրել է նա:

2018-ին հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել 50-ից ավելի օբյեկտներում