Այն, որ մինչեւ 2030 թվականը Հնդկաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Չինաստանը կունենան աշխարհում ամենահզոր զինված ուժերը, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, սակայն այս ցուցակում Ֆրանսիայի գտնվելը հարցեր են առաջացնում։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:

Միաժամանակ, փորձագետը նշել է, որ Ֆրանսիան այն քիչ երկրներից է, որ ունի զանգվածային ոչնչացման զենք, սակայն այդ հանգամանքը լուրջ հիմք չի տալիս մտածելու համար, որ այս երկիրը մինչեւ 2030 թվականը կհայտնվի հզորագույն երկրների հնգյակում։ «Հնարավոր է, Ֆրանսիան հզոր է երեւում  մյուս եվրոպական երկրների ֆոնին, բայց ինձ համար ակնհայտ է, որ նա հզորագույններից մեկը չէ։ Կարծում եմ, որ Կորեաներից ամեն մեկն առանձին վերցրած ավելի ուժեղ է, քան Ֆրանսիան, ավելին նույնիսկ Պակիստանն է ավելի ուժեղ, քան Ֆրանսիան»,–պարզաբանել է ռուսական ռազմական փորձագետը։

Պատասխանելով հարցին, թե նրա կարծիքով, կավելանա առաջատար երկրների եւ ռազմական առումով ավելի թույլ պետությունների միջեւ տեխնոլոգիական ճեղքն այն առումով, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ–ն, ըստ էության, վերսկսել են սառը պատերազմը՝ նոր սպառազինությունների մրցավազքի տեսքով՝ դրանից բխող հետեւանքներով։ Խրամչիխինը նշել է, որ այս գործընթացն արդեն վաղուց է սկսվել եւ ամեն տարի ավելի է սաստկանում։ Սակայն հարցն այն է, թե բացի Մոսկվայից ու Վաշինգթոնից, որ երկրները կմտնեն այդ մրցավազքի մեջ։

Ռազմական փորձագետի կարծիքով, այս սպառազինության մեջ, ավելի շուտ, կմտնեն Արեւելյան Ասիայի երկրները, սկսած Պակիստանից եւ վերջացրած Ճապոնիայով. «Միաժամանակ, ես կարծում եմ, որ Եվրոպան այս պահին հետ է ընկել այս մրցավազքից։ Այն կարող էր ավելի մրցունակ լինել, եթե ցանկանար, սակայն նա այդ չի ուզում, իսկ միայն Ֆրանսիան դա չի կարող անել»,–ընդգծել է նա։

Խրամչիխինի կարծիքով, Արեւելյան Ասիայի երկրները, ըստ էության, տեխնիկական պայքար կսկսեն ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի դեմ։ Հիմնականում, այն երկրները, որոնք իրենց թույլ կտան մտնել այս մրցավազքի մեջ, հենց  Չինաստանն ու Հնդկաստանն են։

Միաժամանակ, փորձագետը հայտարարել է, որ իր համար այս ամենն ակնհայտ է։ Այսպես, ԱՄՆ–ի տեխնիկական գերակայությունն այդքան էլ ակնհայտ չէ, քանի որ Չինաստանը գտնվում է այդ վարկանիշի երկրորդ  հորիզոնականում։ «Դժվար է ասել, թե ով ում կգերազանցի այդ եռյակում։ Սակայն այն, որ ԱՄՆ–ն բացարձակ առաջատար է, ինձ համար ակնհայտ չէ»,–նշել է Խրամչիխինը։

Հիշեցնենք, որ The National Interest ամսագրի հոդվածներից մեկում փորձագետ Ռոբերտ Ֆարլին նշել է, որ մինչեւ 2030 թվականը Հնդկաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Չինաստանը կունենան մոլորակի ամենաուժեղ ռազմական ուժերը: