Բարձր անվտանգության պայմաններում Պեկին ժամանած խորհրդավոր կանաչ գնացքը առիթ է դարձել կարծելու, որ գնացքի ուղեւորը ոչ այլ ոք է, քան Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն լրատվամիջոցները, հղում կատարելով վստահելի աղբյուրներին, հաղորդում են, որ Կիմը 7 տարվա ընթացքում առաջին անգամ լքել է Փհենյանը եւ կատարել է առաջին արտասահմանյան ուղեւորությունը:
Այն, որ Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով խիստ գաղտնիության մթնոլորտում, մեկնել է Պեկին, աղբյուրներին վկայակոչելով հաղորդել էին չինական եւ ճապոնական լրատվամիջոցները: Չինաստանը՝ ԿԺԴՀ-ի գլխավոր գործընկերը, չէր հաստատում լուրերը, սակայն չէր գրաքննում նաեւ սոցիալական ցանցերում հնարավոր ճանապարհորդության մասին բազմաթիվ գրառումները, գրում է BBC-ն:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը, ըստ որոշ տեղեկությունների, մեկնել է Պեկին, նույն դեղին գծով կանաչ զրահապատ գնացքով, որով 2011 թվականին այցելել էր նրա հայր Կիմ Չեն Իրը:
Ճապոնական ԶԼՄ-ները Պեկին ժամանած գնացքի մասին հաղորդել էին մարտի 26-ի երեկոյան:
Ականատեսների հաղորդմամբ՝ երկաթուղային կայարանի մոտ անվտանգության միջոցառումները ուժեղացվել էին, իսկ կենտրոնական Տյանանամեն հրապարակը ազատել էին զբոսաշրջիկներից, ինչը, որպես կանոն, վկայում է այն մասին, որ մոտակայքում գտնվող Ազգային ժողովների տանը բարձր մակարդակով հանդիպում է տեղի ունենում:
Bloomberg-ը, հղում անելով երեք անանուն աղբյուրներին, հաղորդել էր, որ հանդիպման մասնակիցներից մեկը Կիմ Չեն Ընն է:
Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ Ադամ Քեթքարտը կարծում է, որ գնացքով ճանապարհորդելը Հյուսիսային Կորեայի քարոզչության առանձնահատկությունն է: Առանցքային տարրը հենց գնացք է: «Եթե դա լիներ արտաքին գործերի նախարարը կամ Կիմ Են նամը (Հյուսիսային Կորեայի պետության անվանական ղեկավարը), ապա նրանք Փհենյանից կգային», - ասել է նա, գրում է The Guardian- ը:
«Այս ուղեւորության բոլոր մանրամասները գրեթե նույնն են, ինչ Կիմ Չեն Իրի այցի ժամանակ», - ասել է Պեկինում Ժենմինի համալսարանի Միջազգային ուսումնասիրությունների դպրոցի պրոֆեսոր Չեն Սյաոխեն:
«Սա բռնապետի հանճարեղ շախմատային քայլ էր», - նշում է Der Spiegel-ի լրագրող Վիլանդ Վագները: Մոտավորապես մայիսին պետք է կայանա Թրամփի եւ Կիմի հանդիպումը:
«Եթե Կիմը մինչ այդ հաշտվի երաշխավոր երկրի՝ Չինաստանի հետ, նա կարող է ավելի ինքնավստահ սպասել Թրամփի հետ հանդիպմանը՝ որպես երիտասարդ միջուկային տերության ղեկավար, որն ունի Չինաստանի նախագահի աջակցությունը», կարծում է հեղինակը:
Դեռ կես տարի առաջ Կիմն այլ իրավիճակում էր: Իր միջուկային եւ հրթիռային փորձարկումներով նա երկիրը աճող մեկուսացմանն էր տանում:
Կիմի այցը չինական կառավարության համար նույնպես կարող է օգտակար լինել. զարգացող գերտերությունը նորից կարող է Հյուսիսային Կորեայի միջուկային վեճի կարգավորմանը առաջատար դեր ունենալ: Փոխարենը Պեկինը կարող է մի փոքր թուլացնել Փհենյանի դեմ իր պատժամիջոցները, կարծում է Վագները:
Որոշ փորձագետներ կարծում են, որ Կիմը վախենում է ԱՄՆ-ի կողմից նախազգուշական հարվածից: Այս հեռանկարն ավելի վտանգավոր է դարձել, երբ Մայք Պոմպեոն նշանակվեց պետքարտուղ, իսկ Ջոն Բոլթոնը՝ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդատու:
Սակայն Հարավ գնացած նախկին հյուսիսկորեացի պաշտոնյայի կարծիքով՝ Կիմը գործարք կնքելու հնարավորություն է փնտրում:
«Նա ավելի վայրի տպավորություն է թողնում , քան նրա հայրը կամ պապը, բայց ես տեսել եմ ինչպես է նա դարձել քաղաքական գործիչ: Ես տեսել եմ ինչպես է նա զարգանում որպես ռազմավարական մտածող»:
Սակայն Կիմի այցը նոր անորոշություն է ստեղծում:
Չինաստանն առանցքային դերակատարում ունի պատժամիջոցներին հետեւլն ապահովելու գործում, հաշվի առնելով, որ Հյուսիսային Կորեայի առեւտրի 90 տոկոսը անցնում է նույն ընդհանուր սահմանով, որով նախօրեին անցել է առեղծվածային գնացքը, գրում է Time- ը:
«Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան հանդիպելու համար դրդապատճառներ ունեն», - ասել է փորձագետ Դենիել Փինքստոնը: «Կիմը կցանկանար օգնություն խնդրել պատժամիջոցների, տնտեսական համագործակցության հետ կապված: Չինաստանը նույն հրատապությունը չունի միջուկային հարցի առնչությամբ, ինչպես ԱՄՆ-ն է դա տեսնում:
Շատ վաղ է ասել, որ նման հանդիպումը վերջին տասնամյակների ընթացքում բաժանված պատմական դաշնակիցների միջեւ մերձեցում է նշանակում, քանի որ Չինաստանը ծաղկում է, իսկ Հյուսիսային Կորեան անհույս մեկուսացման մեջ է: Սի Ցզինպին պարզապես կարող է ազդարարել Թրամփին եւ Հարավային Կորեայի նախագահին, որ նրանց չի հաջողվի Հյուսիսային Կորեային հանել նրա միջուկային ծրագրի դադարեցման մասին ցանկացած բանակցություններից:
Պեկինի եւ Վաշինգթոնի միջեւ աճող լարվածության պայմաններում, եթե Կիմը ցանկանա գործարք կնքել, Ցզինպինը կարող է իր շահերի շրջանակնեում գործել:




























