Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) Ռուսաստանի եւ պայմանագրի մեջ չմտնող այլ երկրների հետ նավթի արդյունահանման հսկողության ոլորտում երկարատեւ համագործակցություն է ցանկանում: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը:

«Մենք աշխատում ենք մեկ տարի ժամկետով համաձայնագրի մոդելից երկարատեւի՝ 10-20 տարվա անցնելու ուղղությամբ», - Reuters-ին տված հարցազրույցում ասել է նա: «Նման պայմանավորվածություն կա, սակայն մանրամասները դեռ չեն մշակվել»:

2016 թվականի  դեկտեմբերին OPEC-ը եւ մի քանի երկրներ, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունը, համաձայնեցին կրճատել նավթի արդյունահանումը օրական մոտավորապես 1,8 մլն բարելով` համաշխարհային մատակարարման եւ պահանջարկի հավասարակշռությունը հավասարեցնելու համար: Համաձայնագիրը ուժի մեջ է մինչեւ այս տարվա վերջ: