Լոնդոնյան ոսկերչական Հաթոն Գարդեն թաղամասի սեյֆի պահեստի կողոպուտի գործով մեկ այլ կասկածյալ է  կալանավորվել: Երեք տարի առաջ ավազակները կոտրել էին պահեստը եւ գողացել մոտ 20 մլն դոլար արժողությամբ զարդեր, հաղորդում է BBC-ն:

Այս հանցագործությունը Անգլիայի պատմության մեջ ամենամեծ թալանը դարձավ: Նախօրեին կալանավորել են 57-ամյա տղամարդուն: Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, հայտնաբերվել եւ առգրավվել են պահեստից գողացված մի քանի իրեր:

Ավելի վաղ կողոպուտի մյուս մասնակիցները դատապարտվել էին տարբեր ժամկետներով ազատազրկման: 

Ինչպես մեղադրող կողմն է հայտարարել, խմբավորման չորս անդամները՝ «ծերուկ ավազակներ» Ջոն «Քեննի» Քոլլինզը, Դենիել Ջոնսը, Թերրի Փերկինսը եւ Բրայան Ռիդերը (նրանք բոլորը 60-80 տարեկան են) մոտ 13.69 միլիոն ֆունտ սթերլինգի գողոնը հավասար բաժանել են: Հնարավոր է եղել վերադարձնել միայն 4,3 մլն ֆունտը:

2016-ին դրա  վեց մասնակիցները մեղավոր էին ճանաչվել կողոպուտի համար եւ վեցից յոթ տարի ժամկետով ազատազրկվել:

2015 թվականի ապրիլին՝ Զատիկի արձակուրդներին, որն անցյալ տարի չորս օր տեւեց Անգլիայում, մի քանի մարդ մտել էր ստորգետնյա պահեստ եւ գողացել սեյֆի ավելի քան 70 դարակները: Նրանք գողացել էին ոսկի, ադամանդներ եւ շափյուղա՝ ընդհանուր մոտ 20 մլն դոլար արժեքով: