Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը Պակիստանից Մալալա Յուսուֆզայն առաջին անգամ վերադարձել է հայրենիք՝ «Թալիբան» խմբավորման զինյալների հինգ տարի տևած հարձակումներից հետո, գրում է Geo TV–ն։
Հեռուստաալիքի տվյալներով, Յուսուֆզան Իսլամաբադ է ժամանել տեղական ժամանակով գիշերը։ Իրավապաշտպանին հատուկ հսկողության ներքո տեղափոխել են հիվանդանոց։ Նշվում է, որ նրան ուղեկցել են ծնողներն ու Malala Fund հիմնադրամի ղեկավարը։ Իր չորսօրյա այցի ընթացքում Յուսուֆզան կհանդիպի երկրի վարչապետ Շահիդ Հաքան Աբասիի, բանակի հրամանատար Կամար Ջավեդ Բաջվոյի և այլ քաղաքական գործիչների հետ։
Պակիստանցի Մալալա Յուսուֆզայը Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է 2014 թվականին՝ 17 տարեկանում, դառնալով հեղինակավոր մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:
Մալալան գործունեություն է ծավալում երեխաների կրթության բնագավառում: Նա 11 տարեկանից «Բի–Բի–Սի»–ի համար բլոգ է վարել, որտեղ պատմել է իր կյանքի մասին, քննադատել «Թալիբան»–ին, պաշտպանել աղջիկների կրթության իրավունքը։ Նա շարունակել է պաշտպանել Պակիստանում աղջիկների կրթության իրավունքը նույնիսկ 2012 թվականին «Թալիբան» խմբավորման զինյալների կրակոցից գլխից վիրավորվելուց հետո:




























