Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտում վարորդը փորձել է վրաերթի ենթարկել առավոտյան վազող զինծառայողներին, հայտնում է BFMTV-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Վարս-Ալյեր-է-Ռիսե կոմունայում, զորանոցից ոչ հեռու:
France Info պորտալը հայտնում է, որ «տեղեկություններ չկան՝ արդյոք տեղի ունեցածն ահաբեկչությո՞ւն է»: BFMTV-ի տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել: Ավտոմեքենայի վարորդը փախուստի է դիմել:
Այսօր Տրեբ կոմունայում՝ Կարկասոն քաղաքից ոչ հեռու տեղի է ունենում անցած ուրբաթ իրագործված ահաբեկչության զոհերի հրաժեշտի արարողությունը: Սգո արարողություններին մասնակցում են երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը եւ ՆԳ նախարար Ժերար Կոլոնը:
Անցյալ ուրբաթ Օդ դեպարտամենտում տեղի էր ունեցել հարձակումների շարք: Ծագումով Մարոկկոյից Ռեդուան Լաքդիմը մեքենա էր առեւանգել, վիրավորել վարորդին եւ սպանել ուղեւորին: Այնուհետեւ հարձակվել էր վազքից վերադարձող անզեն հատուկջոկատայինների խմբի վրա: Ավելի ուշ նա եկել էր հարեւան Տրեբ կոմունայի Super U սուպերմարքեթ եւ պատանդներ վերցրել:




























