Մարտի 29-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում քննվել է Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը:

Այս առնչությամբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նա պահանջում է բեկանել ՀՀ Վարչական դատարանի 2017 թ․ մարտի 14-ի վճիռը, որով դատարանը բավարարել էր ՀՀ Ոստիկանության հայցը եւ Գայանե Առուստամյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ 30.000 ՀՀ դրամի չափով: Իսկ Գայանե Առուստամյանի ու նրա ներկայացուցչի հակընդդեմ հայցը մերժել էր:

Դատարանը ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմքերը եւ հիմնավորումները՝ Գ․ Առուստամյանին ոչ իրավաչափորեն վարչական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ հակընդդեմ հայցադիմումն անհիմն մերժելու վերաբերյալ: Ըստ պատասխանող կողմի՝ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի եւ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի դրույթները եւ թույլ տվել գործի ելքի վրա ազդող նյութական ու դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։

ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս․ Մելիքյանն առարկեց վերաքննիչ բողոքի դեմ եւ հիմնավոր համարեց ստորադաս դատարանի վճիռը։

Դատարանը կողմերին որոշ հարցեր ուղղելուց հետո գործի քննությունը համարեց ավարտված եւ վճռի հրապարակման օր նշանակեց 2018 թ․ ապրիլի 18-ը։