Չեխիայի իշխանությունները ԱՄՆ-ին են հանձնել ռուսաստանցի Եվգենի Նիկուլինին, ում կասկածում են LinkedIn-ը, Dropbox-ը եւ Formspring-ը կոտրելու մեջ, հայտնում է ČTK գործակալությունը:
ČTK-ն ներկայացնում է չեխական Respekt.cz եւ Irozhlas պարբերականների տեղեկությունները, որոնք վկայակոչում են սեփական աղբյուրներին: Չեխիայի արդարադատության նախարարությունից հրաժարվել են այս տեղեկությունը հաստատել: Դրա հետ մեկտեղ ČTK-ն նշում է, որ արտահանձնման մասին տեղեկությունները հաստատվում են օդանավին հետեւելու տվյալներով, որն օգտագործվում է դատապարտյալների տեղափոխության համար. Flightaware կայքի տեղեկություններով՝ ամերիկյան Gulfstream V-ը մարտի 24-ին վայրէջք է կատարել Պրահայում, իսկ այսօր տեղական ժամանակով 0:06-ին հետ է թռչել Վաշինգթոն:
Չեխիայի իշխանությունները Եվգենի Նիկուլինին Ինտերպոլի օրդերով ձերբակալել են 2016 թվականին Պրահայում: Դրանից հետո ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը հայտ էին ներկայացրել ռուսաստանցուն հանձնելու մասին: ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Նիկուլինը կոտրել է LinkedIn, Dropbox եւ Formspring ընկերությունների համակարգչային համակարգերը, որից հետո զբաղվել է օգտատերերի անձնական տվյալների վաճառքով: Մոսկվայում Նիկուլինի ձերբակալությունը համարել էին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ռուսաստանի քաղաքացիների «որսի» եւս մեկ դրսեւորում եւ Չեխիայից պահանջել էին Նիկուլինին ԱՄՆ չհանձնել:
Ռուսաստանցուն ամերիկյան իշխանություններին հանձնելու որոշումը անցյալ տարվա աշնանն ընդունել էր Չեխիայի գերագույն դատարանը:




























