«Զինված խմբի» գործով դատական նիստին այսօր՝ մարտի 30-ին, հետազոտվեցին գործում առկա ապացույցները: Դատարանում հրապարակվեցին զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի եւ գործով անցնող որոշ անձնաց միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցները, սակայն, դատարանի տեխնիկական խնդիրների պատճառով հետազոտվող հեռախոսազրույցները դատական նիստերի դահլիճում գտնվող լրագրողների համար լավ լսելի չէին:

Հրապարակված ձայնագրություններից հասկանալի էր, որ Արթուր Վարդանյանը խոսում է գումարի, որոշ մարդկանց Վանաձոր ուղարկելու, 25 հազար դրամով փուչիկ գնելու եւ այս գործով անցնող Հակոբ Հակոբյանին ինչ-որ լավություն անելու մասին. «Ջիգյարդ ուտեմ, երեխու պահով 90 տոկոսով եղած բան ա, 100 տոկոսով չեմ ասում, որ հետո հանկարծ չլինի, չասես՝ խաբեց», մեկ այլ զրույցում էլ ասում է. «Փուչիկները վրաս 25 հազար դրամ նստեցին, ջիգյար»: Թե այս խոսակցություններն ինչքանով կապ ունեն մեղադրանքի հետ, ամբաստանյալներ Արթուր Վարդանյանի եւ Հայր Անտոն Թութունջյանի շահերի պաշտպան Սիրուշ Աղվանյանը նշեց. «Հրապարակված հեռախոսազրույցները մեղադրանքի ապացույցներ են, մեղադրանքի կողմը դրանք պետք է ամփոփի եւ մեղադրական ճառում ասի, թե ինչպես է հիմնավորում մեղադրանքը»:

Սիրուշ Աղվանյանի խոսքով, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները կոպտագույն խախտումներով են առաջադրվել, նման պարագայում այս պահի դրությամբ այս գործը պետք է շարունակություն չունենար:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: