2016թ.-ի հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան  գործով առաջին նիստը տեղի չի ունեցել: NEWS.am-ի հետ զրույցում գործով մեղադրյալ բժիշկ Դավիթ Շահվերդյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը նշեց, որ առաջին նիստին չեն ներկայացել տուժողի իրավահաջորդի երեք ներկայացուցիչները: Նրա խոսքով, հաջորդ դատական նիստը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է ապրիլի 20-ին:

Ըստ մեղադրանքի, ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը ներկայումս հանգուցյալ Արսեն Բալայանի հետ իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարախիղճ վերաբերմունքի հետեւանքով չեն իրականացրել Հռիփսիմե Նազլուխանյանի հետծննդաբերական բուժմիջոցառումները, որի հետեւանքով անզգուշությամբ առաջացել է Նազլուխանյանի մահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանը մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Վանաձորի ԲԿ-ում: Հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, ինչի արդյունքում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունները շարունակվել են ու հանգեցրել մահվան:

Գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորի ԲԿ-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին եւ մանկաբարձ-գինեկոլոգ Ա. Բալայանին: Վերջինս 2017թ.-ի հոկտեմբերին վթարի հետեւանքով մահացել է: