Կեմերովոյի դատարանում քննչական մարմնի ներկայացուցիչը միջնորդել է մինչեւ մայիսի 25-ը կալանավորել «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի սեփականատեր ընկերության գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խափանման միջոցի ընտրության հարցով նիստն ընթանում է շաբաթ Կեմերովոյի Զավոդսկոյ շրջանային դատարանում:
«Կալանավորել 1 ամիս 25 օր ժամկետով՝ մինչեւ 2018 թվականի մայիսի 25-ը»,- դատարանում ասել է ՔԿ ներկայացուցիչը:
«2016 թվականի ապրիլի 15-ից շահադիտական նկատառումներով շահույթը մեծացնելու նպատակով ինքնակամ որոշում է ընդունել մակերեսները մեծացնելու մասին, վերանախագծումներ է անցկացրել, ինչով դժվարացրել է տարհանումը: Բոգդանովան սեփականատիրոջ միակ ներկայացուցիչն է: Բոգդանովայի եւ Սոբոլեւի վրա էր դրված անվտանգության ապահովման պատասխանատվությունը»,- հավելել է նա՝ հստակեցնելով, որ կոնկրետ Բոգդանովան իրեն մեղավոր չի ճանաչում:
Բոգդանովան, իր հերթին, հայտարարել է, որ իր կալանքի մասին դատարանի որոշումը կբողոքարկի:
Դատարանում Բոգդանովան նաեւ հայտարարել է, որ շենքի հակահրդեհային վիճակից գոհ էր, ինքը տեղեկություններ չի ունեցել համակարգի չգործելու մասին:
«Եթե հակահրդեհային համակարգի չգործելու մասին տեղեկություններ ունենայի, ես բոլոր միջոցները կձեռնարկեի»,- հավաստիացրել է նա:
Նա նշել է, որ տնօրինությունը պատրաստվում էր փոխել մասնավոր անվտանգության ձեռնարկությունը, եւ ենթադրել է, որ այս պատճառով վերջին «մի քանի ամիսներին անվտանգության աշխատակիցներն ընդհանրապես ոչ մի բան չեն զեկուցել»:
Բոգդանովան նաեւ հավաստիացրել է, որ ինքը տեղյակ չէ այված առեւտրի կենտրոնի համասեփականատիրոջ՝ Դենիս Շտենգելովի Ավստրալիայից Ռուսաստան վերադառնալու մասին:
Նշենք, որ Կեմերովոյի կենտրոնում Խորհուրդների հրապարակում ընթանում է «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհից զոհվածների հիշատակի զանգվածային հանրահավաքի նախապատրաստումը:
Հիշեցնենք, որ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից շատերը երեխաներ են։
Այրվել է ավելի քան 1500 քմ տարածք։ Հակահրդեհային ազդանշանը չի աշխատել, մարդիկ չեն տարհանվել։ Զոհերի թվով այդ հրդեհը վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանի չորս խոշորագույն հրդեհներից մեկն է։
- Կեմերովոյի նահանգապետ Տուլեեւն այդպես էլ դուրս չեկավ ցուցարարների մոտ
- «Զիմնյայա վիշնյայի» տեխտնօրենին մեղադրանք է առաջադրվել
- Կեմերովոյի բնակիչները պատրաստվում են ամբողջ գիշեր հանրահավաք անցկացնել
- Հայտնաբերվել են Կեմերովոյում զոհված բոլոր 64 հոգու դիերը
- «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Ծաղիկներ ու խաղալիքներ՝ Երեւանում ՌԴ դեսպանատան մոտ
- Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ սուգ է հայտարարվել
- Ոչ թե լացել, այլ հեկեկալ ես ուզում. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհի զոհ դարձած երեխաների մասին




























