ԱԻՆ-ը հորդորում է բոլոր տնտեսվարողներին խստիվ պահպանել անվտանգության պահանջները:
ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մարտի 2-ին Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցավ ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն, որի հետեւանքով տուժեց 8 մարդ:
Գործի վերաբերյալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որում մասնավորապես ասվում է, որ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքները թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր տնտեսվարողներին եւս մեկ անգամ հիշեցնում է Աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ կետը, որով գործատուն պարտավոր է ապահովել անվտանգ եւ առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ:
Նույն օրենսգրքի 245-րդ եւ 254-րդ հոդվածներով՝ համապատասխանաբար «Յուրաքանչյուր աշխատողի աշխատավայրը եւ շրջապատող միջավայրը պետք է լինեն անվտանգ, հարմար եւ առողջության համար անվնաս, կահավորված՝ աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան», «Գործատուն ապահովում է, որպեսզի իր կազմակերպություն գործուղված աշխատողն անցնի աշխատանքային պարտականությունների կատարմանը միայն կազմակերպությունում գոյություն ունեցող հնարավոր ռիսկի գործոնների մասին տեղեկացվելուց եւ աշխատանքի որոշակի վայրում անվտանգության հրահանգավորում անցնելուց հետո»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է տնտեսվարողներին խստիվ պահպանել օրենսդրությամբ սահմանված անվտանգության կանոնները, լինել զգոն եւ կատարել գործատուի համար օրենքով սահմանված անվտանգության կանոնների պահպանման պարտականությունները»:
Նշենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Վիրավորվել էին Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):



























