Թերթը նշում է, որ ամերիկյան առաջատար հեռուստաընկերությունները պատրաստ են ավելի քան 4 մլրդ դոլար վճարել միջազգային օլիմպիական կոմիտեին 2014-20թթ. նախատեսված չորս օլիմպիական խաղերի հեռարձակման իրավունքը տնօրինելու համար: Ակնկալվում է, որ հարցը վերջնական լուծում կստանա այս տարվա առաջին կիսամյակում:

Նախնական առաջարկները ամերիկացիները ներկայացրել էին դեռ 2010 թվականին, սակայն ՄՕԿ-ը, պատճառաբանելով աշխարհում տիրող անբարենպաստ տնտեսական վիճակը, հրաժարվել էր բանակցություններից: Այնուհանդերձ առաջին անգամ ամերիկյան փաթեթը հավանաբար կներառի միանգամից 4 օլիմպիական խաղեր` ներառյալ 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիադան:

ՄՕԿ-ում անդրօվկիանոսյան հեռուստաընկերությունների հետ հարաբերությունների պատասխանատու Ռիչարդ Կերիոնը հաստատել է, որ ամերիկյան կողմը արդեն հետաքրքրված է 2018-ի ձմեռային եւ 2020-ի ամառային խաղերով, միաժամանակ հրապուրիչ համարելով նաեւ 2014 եւ 2016թթ. օլիմպիադաները: Ամեն դեպքում, այս հարցում որոշիչ է լինելու ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեի դիրքորոշումը:

Օլիմպիական հեռուստաիրավունքներին հավակնում են NBC-ն, ESPN-ը եւ Fox-ը: Առաջարկներ են սպասվում նաեւ CBS-ից եւ Turner-ից: Առայժմ դժվար է ասել, թե նրանցից որին կտրվի նախապատվությունը: Հիշեցնենք միայն, որ 1992-ից օլիմպիական հեռարձակումն իրականացնում էր բացառապես NBC-ն, որի պայմանագիրը ՄՕԿ-ի հետ ուժի մեջ է մինչեւ 2012թ. Լոնդոնի ամառային օլիմպիադան ներառյալ: Սակայն այդ հեռուստակորպորացիան փոխում է սեփականատիրոջը: Նախկինում NBC-ն տնօրինում էր «Ջեներալ էլեկտրիքսը», որը նաեւ ՄՕԿ-ի հովանավորն էր: Հենց դրա շնորհիվ էլ ՄՕԿ-ը հեռուստաիրավունքները վաճառել էր NBC-ին, որպեսզի եկամուտ քաղի եւ հեռուստաընկերությունից, եւ այդ ընկերությունից:

Հարկ է նշել, որ 2010թ. ձմեռային օլիմպիական խաղերի ցուցադրումից NBC-ն զրկվեց ավելի քան 200 մլն դոլար նախատեսված եկամտից: Այդ անհաջողությունը, սակայն, համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին ալիքին: Հաշվի առնելով, որ 2008թ. Պեկինի խաղերը աննախադեպ շահույթներ էին ապահովել, NBC-ում գոհ են երկամյա գործունեությունից:

Հեռուստաիրավունքների վաճառքը ապահովում է ՄՕԿ-ի եկամտի գերակշիռ հատվածը: Ընդ որում, գումարի կեսից ավելին ստացվում է ամերիկյան հեռուստատեսությունից: Իր հերթին ՄՕԿ-ը շահույթը հետագայում կիսում է օլիմպիական խաղերն ընդունած քաղաքների հետ, գումարի մյուս մասն էլ փոխանցում է միջազգային մարզական ֆեդերացիաներին եւ ազգային օլիմպիական կոմիտեներին:

Կանխատեսումների համաձայն, առաջիկա տասնամյակում մարզական միջոցառումների ցուցադրումը կարող է միլիարդավոր դոլարներ բերել ամերիկյան հեռուստաընկերություններին, քանզի երկրում գնալով նոր թափ է ստանում հետաքրքրությունը սպորտի նկատմամբ: Իսկ ԱՄՆ-ում, որտեղ գործնականում չկա պետական հեռուստատեսություն եւ գործում է աշխարհում ամենամեծ գովազդային շուկան, հարաճուն տնտեսական մրցակցության պայմաններում թանկանում է նաեւ գովազդի արժեքը: Այնպես որ յանկիները լավ գիտեն իրենց անելիքը: