Հայաստանն ապահովագրվում է ապրանքների արտադրումից եւ ներմուծումից, որոնք կարող են մարդկանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր լինել: Այս մասին ապրիլի 6-ին ԱՊՀ անդամ երկրների սպառողների իրավունքների պաշտպանության Խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում  ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի հսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը:

Նրա խոսքով՝  խոսքն առաջին հերթին վերաբերում է խաղալիքներին, կոսմետիկ արտադրանքին, գազալցակայաններին, որոնք կարող են բոլոր երկրներում մարդկանց կյանքի համար վտանգավոր լինել: «Վտանգավոր ոլորտներն ամենուր նույնն են: Մենք դիտարկում ենք այդ վտանգավոր ապրանքների ներմուծման կանխման մեխանիզմները»,- նշեց Խալիկյանը:

Պաշտոնյայի գնահատմամբ՝ Երեւանում մեկնարկած նիստի հիմնական խնդիրն է սպառողներին վտանգավոր ապրանքներից պատնեշելը: «Մեր խնդիրն է սպառողների շահերի պաշտպանությունը: ԱՊՀ յուրաքանչյուր երկիր ունի սպառողների իրավունքների պաշտպանության իր օրենսդրական հիմքը, եւ Խորհրդի նպատակն է օրենսդրության օպտիմալացումն ու հնարավորինս ներդաշնակեցումը, եւ այդպիսով սպառողներին վտանգավոր ապրանքներից ու անորակ ծառայություններից պատնեշելը»,- նշեց պաշտոնյան:

Այդուհանդերձ, շարունակեց նա, բոլոր երկրներում սպառողների իրավունքների պահպանման ստուգումը իրականացվում է բացառապես հաշվի առնելով վտանգների գնահատումը, որոնք հաշվի են առնում այնպիսի հանգամանքներ, ինչպիսին են ծագման երկիրը, սպառողների թիրախային կարգը: Ըստ որում՝ ԱՊՀ շատ երկրներում ստուգումներն իրականացվում են միայն ստուգված ձեւաթղթով, ինչը նվազագույնի է հասցնմում կոռուպցիոն ռիսկերը:

Հիշեցնենք, որ Երեւանում ապրիլի 6-ից ընթանում է ԱՊՀ անդամ երկրների սպառողների իրավունքների պաշտպանության Խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը: