Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է՝ յուրաքանչյուրի ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը։
NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորը հույս հայտնեց, որ իրավապահները անլուրջ չեն վերաբերի Նիկոլ Փաշինյանի՝ Աժ շենքը շրջափակելու մտադրությանը։
Հիշեցնենք,ո ր նիկոլ փաշինյանը Սերժ Սարգսյանի դեմ վարչապետության պայքարը սկսել է Լոռու մարզից։ Մարտի 31–ից «Իմ քայլը» քայլարշավով շարժվում է դեպի Ազատության հրապարակ։ Ծրագրել է, որ Ազատության հրապարակ կհասնի ապրիլի 13–ին, իսկ վարչապետի ընտրության օրը՝ ապրիլի 17–ին կշրջափակի Ազգային ժողովի շենքը, որ պատգամավորները չկարողանան մուտք գործել շենք ու քվեարկել։
«Ինչպես Սպինոզան է ասում՝ յուրաքանչյուր մարդու ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը։ Դրա համար որեւէ մեկը իր ազատությունը իրականացնելուց իմ իրավունքը չպետք է խախտի։ Պատգամավորները չպիտի ձեռնամարտի բռնվեն՝ Ազգային ժողով մտնեն, թե չէ։ Ազգային ժողովում հասարակական կարգը պահպանող մարմիններ կան, որոնք պարտավոր են երաշխավորել մեր աշխատանքի բնական գործունեությունը»,–ասաց պատգամավորը։
Հարցին՝ մտահոգություն չունի՞, որ Փաշինյանի ծրագիրը կարող է իրականություն դառնալ, պատասխանեց. «Անգամ կեղծ ահազանգերի դեպքում, երբ ասում են՝ ռումբ է տեղադրված, համապատասխան մարմինները հետաքննություն են իրականացնում, պարզելու համար համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ոչ։ Ես կարծում եմ, որ նման եւ բոլոր հարցերին անլուրջ վերաբերվել չի կարելի, բայց ինձ համար որպես պատգամավորի, անկեղծ ասած, մտահոգություն չէ»։



























