Թբիլիսիում կյանքի 89-րդ տարում կյանքից հեռացել է վրացի խորհրդային ականավոր կինոդերասանուհի, կինոռեժիսոր Լեյլա Աբաշիձեն: Այս մասին լրագրողներին հայտնել են Վրաստանի Մշակույթի պալատում, փոխանցում է Sputnik Georgia-ն:
Դերասանուհին մահացել է ծանր հիվանդության հետեւանքով, վերջին շրջանում գտնվում էր հիվանդանոցում:

Լեյլա Աբաշիձեն ծնվել է 1929 թվականի օգոստոսի 1-ին Թբիլիսիում։
Կինեմատոգրաֆիայում Լեյլա Աբաշիձեի «կնքահայրը» եղել է ռեժիսոր Կոնստանտին Պիպինաշվիլի։ 1941 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում անցկացվում էին «Քաջանա» ֆիլմում Քեթոյի դերակատարի համար լսումներ։ Լեյլային այնտեղ տարել էր հորաքույրը (Լեյլայի ծնողները բռնաճնշումների զոհ էին դարձել)։ Գեղեցիկ հագնված երեխաների շարքում Լեյլան առանձնանում էր իր գունաթափված զգեստով, անփութորեն կտրված սանրվածքով ու մաշված կոշիկներով։ Լսումների ժամանակ աղջիկները կատարում էին այն տեսարանը, երբ Քեթոն, ցնցված լինելով եղբոր համրությամբ, որի մեղավորն ինքն էր, լալիս է ու Աստծուն խնդրում վերադարձնել տղայի խոսելու ընդունակությունը։ Լեյլան այդ էպիզոդը խաղաց այնքան ճշմարտացի, այնպիսի կենցաղային մանրամասնություններով, որ մի քանի վայրկյան սենյակում լռություն տիրեց։ Այդպես Լեյլան ստացավ գլխավոր դեր։
1951 թվականին Լեյլա Աբաշիձեն ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը (Դոդո Ալեքսիձեի կուրս)։ Լեյլա Աբաշիձեն նկարահանվել է ինչպես կինոկատակերգություններում, այնպես էլ դրամաներում։ 1981 թվականին Լեյլա Աբաշիձեն՝ որպես ռեժիսոր, սեփական սցենարով (Լեւան Չելիձեի հետ համատեղ) նկարահանել է «Թիֆլիս-Թարիզ եւ հետ» ֆիլմը՝ խաղալով Թեն Շարշավաձեի գլխավոր դերը։
Հասանելի է
русский


























