Եվրամիության տեսանկյունից դատական համակարգի բարեփոխումը Հայաստանի համար կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին եւ դիտարկմանը, որ մարդիկ այդքան էլ չեն վստահում դատական համակարգին, ԵՄ դեսպանը նշել է, որ Եվրոպական միությունը ֆինանսավորել է մի ծրագիր, որը իրականացվել է միջազգային փորձագետների մասնակցությամբ, եւ այդ փորձագետների իրականացրած վերլուծության համաձայն, հայաստանցիների շուրջ 30 տոկոսը վստահում է դատարաններին, թեեւ ինքը չգիտի, թե որքանով է այս թիվը արժանահավատ։
«Երբ մարդիկ ինձ հարցնում են, ինչպե՞ս ուժեղացնել ժողովրդավարությունը Հայաստանում, ինչպե՞ս ապահովել օրենքի գերակայությունը, ինչպե՞ս ուժեղացնել մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպե՞ս բարելավել բիզնես միջավայրը, ես բոլորին նույն պատասխանն եմ տալիս՝ անկախ դատական համակարգ, լավ դատարաններ։ Դա ամեն ինչի անկյունաքարն է։ Ահա թե ինչու ենք մենք Հայաստանի կառավարության, իշխանությունների հետ մեր երկխոսության ընթացքում այդքան մեծ ուշադրություն դարձնում այս խնդրին, ահա թե ինչու է մեր քաղաքական եւ տեխնիկական գործունեության օգնության զգալի մասը ուղղված այս խնդրի լուծմանը»,-ասել է Սվիտալսկին:
«Մեզ համար սա առաջնահերթություն է, եւ մենք հույս ունենք, որ նոր ստեղված ինստիտուտները, այդ թվում նոր Խորհուրդը, կօգնեն, որպեսզի բնակչության վստահության մակարդակը բարձրանա։ Որովհետեւ, ի վերջո, հենց հայաստանցիներն են տալու այս բարեփոխումների արդյունավետության գնահատականները, ոչ թե Եվրոպական միությունը։ Հենց Հայաստանի քաղաքացիները պետք է ասեն՝ մենք վստահում ենք դատարաններին։ Իսկ քանի դեռ նրանք դա չեն ասում, մենք անելիք ունենք»,-ընդգծել է ԵՄ դեսպանը:




























