Տնտեսությանը վերաբերող ԱՄՆ վարչակազմի վերջին որոշումները անբարեխիղճ մրցակցության ճանապարհով Ռուսաստանի դեմ պայքարելու եւ երկրի զարգացումը սահմանափակելու փորձեր են, սակայն Ռուսաստանը կհաղթահարի նաեւ այս ճնշումը եւ հերթական պատժամիջոցները կշրջի իր տնտեսության օգտին, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս ոլորտում ԱՄՆ վարչակազմի վերջին որոշումները մեր դեմ անբարեխիղճ մրցակցության ճանապարհով պայքարելու, մեր զարգացումը սահմանափակելու, արժութային, ֆոնդային շուկայում տնտեսության մեջ լարվածություն ստեղծելու փորձեր են: Մենք, անկասկած, կհաղթահարենք նաեւ այս ճնշումը, մենք արդեն սովորել ենք դա անել եւ վերջին հաշվով, այս բոլոր գործողությունները կշրջենք մեր սեփական տնտեսության, մեր սեփական տնտեսական զարգացման օգտին: Սակայն չմոռանանք նրանց, ովքեր շարունակում են այս հակառուսկան քաղաքականությունը, նրանց, ովքեր մեր երկրին վնաս են հասցնում»,- ասել է Մեդվեդեւը՝ չորեքշաբթի Պետական դումայում ելույթ ունենալով կառավարության աշխատանքի 6 տարվա հաշվետվությամբ:




























