ԱՄՆ-ն բաց է Լեհաստանի տարածքում զինծառայողների թվի ավելացման հարցով բանակցությունների համար: Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Լեհաստանը ՆԱՏՕ-ում մեր գործընկերն է: Մենք միշտ բաց ենք նման քննարկումների համար»,- ասել է Մեթիսը:

Մարտի վերջին Վարշավան Վաշինգտոնից Patriot տեսակի ամերիկյան հակահրթիռային համալիրներ գնեց: Գործարքի արժեքը 4.75 մլրդ դոլար էր: Սպառազինությունը Լեհաստան կհասնի 2022 թվականին:

«Սա պատմական պահ է: Մենք լեհական բանակը հագեցնում ենք աշխարհում ամենաառաջատար պաշտպանական համակարգով»,- հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

Փետրվարին Մեթիսն ու Բլաշչակը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի համաժողովի ընթացքում քննարկել են տարածաշրջանային ագրեսիայի զսպմանն ուղղված ԱՄՆ-ի եւ Լեհաստանի ջանքերը: