Մեծ Բրիտանիայի նոր ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը հանդես է գալիս արդարացի ներգաղթային քաղաքականություն վարելու օգտին: Նա այս մասին ապրիլի 30-ին հայտարարել է առաջին անգամ ելույթով հանդես գալով ՆԳ նախարարի պաշտոնում, հայտնում է Sky News հեռուստաալիքը:
Ջավիդը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը կվարի արդարացի ներգաղթային քաղաքականություն: «Իմ առջեւ դրված առավել շտապ խնդիրը օգնության ցուցաբերումն է բրիտանացի այն քաղաքացիներին, որոնք եկել են Կարիբյան ավազանից, այսպես կոչված՝ Վինդրաշ սերունդը, որպեսզի համոզվենք, որ նրանց ազնվորեն եւ կանոնավոր են վերաբերվում, որին նրանք արժանի են»,- շեշտել է նախարարը:
«Իմ ծնողները մեր մեծ երկիր են եկել 1960-ական թվականներին, նրանք եկել են Պակիստանից՝ այս երկրի կառուցմանն օգնելու»,- ասել է նա՝ հավելելով, որ դեռեւս չի հասցրել մորը զանգահարել՝ իր նշանակման մասին տեղեկացնելու:
Պակիստանցի ներգաղթյալների ընտանիքից սերող Ջավիդը Միացյալ Թագավորության ՆԳ առաջին նախարարն է, որը էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ է: Այս պաշտոնում նա փոխարինել է Էմբեր Ռադին, որը կիրակի հրաժարական է ներկայացրել, քանի որ ոչ դիտավորյալ մոլորության մեջ է գցել խորհրդարանի պատգամավորներին՝ կապված ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու թիրախային ցուցանիշների առկայության հետ:




























