Հյուսիսային Կորեան պետք է պարտավորվի անհապաղ ապամոնտաժել իր սպառազինությունների ծրագիրը: Այս մասին հայտարարել է Մայք Պոմպեոն՝ պետքարտուղարի պաշտոնում իր երդմնակալության ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Փհենյանի ապամիջուկայնացման ջանքերը դեռ նախնական փուլերում են, իսկ արդյունքները՝ անհայտ են: «Մենք հավատարիմ ենք Հյուսիսային Կորեայի զանգվածային զենքի ոչնչացման ծրագրի մշտական, վերահսկելի եւ անդառնալի ապամոնտաժմանը եւ դա պետք է անհապաղ անել», - ասել է Պոմպեոն:
«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա էր արարողությանը: Դիմելով ներկաներին, նախագահը բարձր է գնահատել նոր պետքարտուղարին՝ բացառիկ անվանելով նրա գործնական հատկանիշները, իսկ նրան՝ իսկական հայրենասեր ամերիկացի:
Բնութագրելով Պոմպեոյի ծառայողական կարիերայի հիմնական փուլերը, Թրամփը հատուկ առանձնացրել է նրա գործուենությունը ԿՀՎ տնօրենի պաշտոնում: Նա վստահություն է հայտնել նրանում, որ Պոմպեոն պետքարտուղարի պաշտոնում հաջողությունների կհասնի. «Շնորհավորում եմ ձեզ, պետքարտուղար Պոմպեո: Ես չեմ կասկածում, որ Ամերիկան կրկին կհպարտանա իր դիվանագետներով», – ասել է նախագահը:




























