ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը հերթական աշխատանքային շրջայցը կատարեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշտարակ-Թալին հատվածում բետոնապատման ակտիվ ընթացք է։ Տաք եղանակի պայմաններում, որպեսզի ճանապարհի պատվածքի բարձր որակ ապահովվի, բետոնապատմանը զուգահեռ մակերեւութային խոնավացման աշխատանքներ են կատարվում։ Նշվել է, որ 20.4 կմ երկարությամբ միակողմանի բետոնապատումն ավարտված է։ Տեղադրվել է շուրջ 20.8 կմ հիմք եւ 21.5 կմ ենթահիմք։ Աշխատանքներն ընթանում են կառուցվող ճանապարհի ամբողջ երկարությամբ՝ աշխատանքային մի քանի տեղամասերով։ Բացի բետոնապատումից, կատարվում են ժայռային հանույթի եւ ջրթող խողովակի կառուցման աշխատանքներ: Թալին քաղաքի մոտակայքում կառուցվում է ուղեանց։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ աշխատանքի տեմպերն այս հատվածում գոհացուցիչ են։




























