Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածում, որտեղ շինարարական աշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, թե՛ ժամկետների, թե՛ որակի լուրջ խախտումներ են արձանագրվել դեռեւս աշխատանքների մեկնարկից սկսած։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնարարվել էր դրանք շուտափույթ վերացնել, արագացնել աշխատանքները:
Ասիական զարգացման բանկի պաշտոնյաները եւս մտահոգված էին ծրագրի այս հատվածի իրականացմամբ՝ հաշվի առնելով աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը: Նրանք նախարարության հետ այս խնդիրները ներկայացրել էին «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահին, ով վերջին շրջանում այցելել էր Հայաստան:
Չնայած այս ամենին՝ այսօր եւս ընկերության պատասխանատուները Վահան Մարտիրոսյանին հերթական անգամ տարբեր անհիմն պատճառաբանություններ ներկայացրին իրենց թերացումների վերաբերյալ։
Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ անհանդուրժելի է աշխատանքների նկատմամբ նման անփույթ եւ անպատասխանատու մոտեցումը։ Նա շեշտեց, որ առաջիկա օրերին իրավիճակը կներկայացվի «Power of China» կազմակերպության նախագահին, որի կազմում է ընդգրկված «Սինոհիդրո» ընկերությունը, որպեսզի աշխատանքին ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերող աշխատակիցները փոխարինվեն արհեստավարժ մասնագետներով։




























