Անցյալ տարվա ընթացքում «Վեոլիա ջուր» ընկերությունը Վարձակալության պայմանագրով նախատեսված պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակներում իրականացրել է շուրջ 1.9 մլրդ դրամի ներդրումներ: Այս մասին նշվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի «Վեոլիա ջուր» կատարած աշխատանքային այցի ժամանակ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ վերը նշված ծրագրից դուրս ընկերությունը լրացուցիչ կառուցել է 12 000 գծմ ընդհանուր երկարությամբ ջրագծեր եւ 1200 գծմ կոյուղագծեր, վերակառուցվել է 7 գլխամասային կապտաժային կառուցվածք: Վարձակալ ընկերության մասնագետների տվյալներով՝ սպասարկման տարածքում մատակարարվող խմելու ջրի որակի համապատասխանությունը հանրապետությունում գործող ջրի որակի պետական ստանդարտներին կազմում է 98 %:

Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ՝ ընկերությունը նաեւ ակտիվորեն պայքարել է ապօրինությունների դեմ: Անցյալ տարվա ընթացքում ընկերության աշխատակիցները արձանագրել են ջրի ապօրինի օգտագործման 2510 դեպք: Հայաստանի մարզերում ջրամատակարարումն ավելացել է միջինը 1.2 ժամով: Ջրամատակարարման բարելավման եւ ջրի հաշվառման նպատակով ընկերությունը շարունակել է նոր ջրաչափերի տեղադրումը եւ իր գործունեության առաջին տարվա ընթացքում տեղադրել 58 000 նոր ջրաչափական սարքեր:

Գործընկերների ներկայացրած տվյալներին ծանոթանալուց հետո՝ ՋՏՊԿ նախագահը ներկայացրել է նաեւ Կոմիտեի կողմից հանրապետության տարբեր բնակավայրերում ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի վերակառուցմանն ուղղված տարաբնույթ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը: Այսպիսով, ընթացքի մեջ են Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի, Լոռու, Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերակառուցման, ինչպես նաեւ՝ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից չսպասարկվող 6 բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրերի նախագծման աշխատանքները:

Դրանք ընդգրկում են Լոռու մարզի Ուռուտ եւ Ագարակ, Արմավիրի մարզի Մարգարա, Սյունիքի մարզի Խնածախ, Կոտայքի մարզի Արզական, Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքները: Ծրագրի իրականացման արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում կընդգրկվեն չսպասարկվող բնակավայրերի շուրջ 7700 նոր շահառուներ:

Ա. Հարությունյանն ընդգծել է, որ չսպասարկվող բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքները, որպես առաջնահերթ խնդիր, կքննարկվեն հետագա ներդրումային ծրագրերի շրջանակներում՝ խնդրին փուլ առ փուլ լուծում տալու նպատակով:

Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերություն 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի խմելու ջրի համակարգի միասնական օպերատորն է: Ընկերության սպասարկման գոտին, ընդհանուր առմամբ, ընդգրկում է 355 բնակավայր՝ 750 000 բաժանորդներով: