Միանում եմ ցուցարարներին եւ պահանջում են Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականը: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը:
Նա նշեց, որ Շիրակի պետհամալսարանի նկատմամբ անտարբեր չի կարող լինել, որովհետեւ իր կյանքի 45 տարիները կապված են այդ բուհի հետ. «Եղել եմ այդ բուհի ուսանողը, դասախոս, ավագ դասախոս, դոցենտ, դեկան, պրոֆեսոր, ապա՝ ռեկտոր: Իմ ամբողջ գործունեությունը ծավալվել է այդ բուհում: Այն անգնահատատելի դեր ունի իմ կայացման գործում, առավել եւս որ 14 տարի՝ 2002-2016 թթվականներին ղեկավարել եմ բուհը: Իհարկե, բուհի արդյունավետ, որակյալ գործունեւությամբ շահագրգռված եմ»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է լուրերին, որ ինքը նորից կարող է ղեկավարել ՇՊՀ-ն, Վարեւան Գրիգորյանը հերքեց՝ ասելով. «Այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել»:
«Սա մեկօրյա իրավիճակ չէ, բուհի խնդիրների մասին դասախոսները բարձրաձայնում են մեկ տարուց ավելի, ոչ ոք ականջալուր չի լինում: Խնդիրները կուտակվելով, այսօր արդեն նաեւ ուսանողների կողմից բարձրաձայնվում են, ընդհուպ մինչեւ ցույցերի տեսքով»,-ասաց նա:
Նախկին ռեկտորը նշեց, որ ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականից հետո ըստ ընթացակարգի հոգաբարձուների խորհուրդը կընտրի նոր ռեկտոր, իսկ ինքը նախընտրելի թեկնածու չունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտից Շիրակի պետհամալսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահնջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ:
Նշենք, որ նախօրեին ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:
Բողոքի ակցիա Շիրակի պետհամալսարանում. պահանջում են ռեկտորի հրաժարականը (Ֆոտո)




























