Բաշ-Ապարանի հաղթական հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ Ապարանի համայնքապետարանը իրականացնում է մշակութային բազմաթիվ ծրագրեր:

Այս ծրագրերի շրջանակում մայիսի 1-ից 20-ը Ապարանում մեկնարկել է քանդակագործության միջազգային 1-ին սիմպոզիումը՝ «Մեր պապերի սխրանքը» խորագրով:

Ապարանի համայնքապետարանի հրավերով եւ աջակցությամբ սիմպոզիումին մասնակցում են 11 քանդակագործներ Իտալիայից, Ճապոնիայից, Բելգիայից, Բելառուսից, Հնդկաստանից Արցախից եւ Հայաստանից: Սիմպոզիումը անցկացվում է խորհրդանշական տեղում՝ «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում: Միջազգային սիմպոզիումի ղեկավարն է հայտնի քանդակագործ իտալահայ Վիգեն Ավետիսը:

Հատկանշական է, որ քսանօրյա սիմպոզիումի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ եւ բազմաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են Ապարանում զարգացնելու մշակութային կյանքը: