Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություններ ունի առ այն՝ արդյոք արժե հանդիպել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, եւ վերջին օրերին ավելի շատ է դիմում իր օգնականներին խորհուրդ ստանալու նպատակով, հաղորդում է The New York Times թերթը:

Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը մտահոգված է, որ հաջորդ ամիս Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում նախատեսված հանդիպումը կարող է «քաղաքական շփոթության» վերածվել, գրում է թերթը: Պարբերականի փոխանցմամբ՝ Թրամփը միաժամանակ զարմացած եւ զայրացած է, որ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները չեն բացառել Միացյալ Նահանգների հետ գագաթնաժողովից հրաժարվելու հնարավորությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Հինգշաբթի եւ ուրբաթ օրը նախագահը, ըստ թերթի, անընդհատ դիմել էր խորհրդականներին հարցերով՝ արդյոք ներկայիս պայմաններում ԿԺԴՀ առաջնորդի հետ հանդիպումը իմաստուն որոշում կլինի: Շաբաթ օրը Թրամփը զանգահարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին, որպեսզի հարցնի, թե ինչու է ԿԺԴՀ-ի վերջին հայտարարությունները հակասում նախկինում արված հավաստիացումներին, գրում է թերթը: