Եթե Միհրան Պողոսյանը իր օգնականի ձերբակալումն ու կալանավորումը վենդետա է համարում, կարող է համապատասխան ընթացակարգերով այդ հարցին ընթացք տալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում, ճեպազրույցների ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականի հետ կապված միջադեպին:
Նրա խոսքով, այսօրվա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀԿ-ի կողմից ընտրված դատախազ է, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երկար տարիներ եղել է դատախազ, կարող են ընթացք տալ. «Իրականում ոստիկանների կողմից եղել է պահանջ, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների դեպքերով քննություն իրականացվի, տեսանյութերը կան, ուսումնասիրում են, եթե այնտեղ նույնականացնում են, որ ինչ-որ մեկը մարդ է ծեծել, ավտո է ջարդել, նրանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: Հետո պարզվում է, այդ մարդը ինչ-որ մեկը եղբայրն է, մեկի օգնականն է: Բոլոր նրանք, ովքեր մեղավոր կլինեն՝ անկախ նրանից, թե ում եղբայրը կամ օգնականն է, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դա անձնավորված չէ։ Բոլորը օրենքի առջև հավասար են: Չկա անպատժելիություն եւ կա օրենքի առջեւ օրենքի հավասարություն: Ով ում ընկերն ուզում է լինի»,-հայտարարեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 21-ին ժամը 13:30-ի սահմաններում քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակում մասամբ փակել են Երեւան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք եւ մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաեւ՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին եւ վարորդներին:
Այդ գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Իսոյանն է: Նա ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Ձերբակալվածը Միհրան Պողոսյանի օգնականն է՝ Անդրանիկ Իսոյանը:



























