Երեւանի Մալաթիայի տոնավաճառում, ոստիկանության ուղեկցությամբ քանդում են փողոցի եզրին գտնվող առեւտրի կրպակները: Բացի այդ, այսօր կրպակների հետ կապված խնդիրներ են ծագել նաեւ մետրոյի «Բարեկամություն» կայարանի անցումում, որտեղ քաղաքապետարանի աշխատակիցները պարտադրում են կրպակատերերին հետ քաշել իրենց կրպակները:

Այս գործողությունները կատարվում են Երեւանի նորընտիր քաղաքապետի` փողոցային առեւտրին վերջ դնելու որոշման համաձայն: Բոլոր այս դեպքերում կրպակատերերը բողոքում են, որ իրենց նախօրոք չեն զգուշացրել եւ իրենք հանկարծակի են տեղեկանում, որ զրկվում են օրվա հացից:

Մասնավորապես, Մալաթիայի տոնավաճառի կրպակատերերը նշել են, որ չի կարելի այսպես, մեկ գիշերվա մեջ զրկել իրենց ապրուստից: Նրանց խոսքով, իրենք վարկեր են վերցրել, ապրանք են գնել եւ հիմա անելանելի վիճակում են: «Գոնե պետք էր ժամանակ տալ կամ այլընտրանք առաջարկել, որպեսզի բազմաթիվ մարդիկ այսպես անաշխատանք ու շիվար չմնային»,- ասել է նրանցից մեկը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ արգելվել է նաեւ Վարդանանց փողոցի մայթին շինանյութերի վաճառքը, եւ կրկին մարդկանց այդ մասին հայտնել են հանկարծակի:

Նշենք, որ Երեւանի բոլոր վարչական շրջանների՝ քաղաքապետարանի գործողություններից տուժած առեւտրականները վաղը՝ հունվարի 22-ին, ժամը 11-ին բողոքի ակցիա են անցկացնելու Հայաստանի նախագահի նստավայրի մոտ եւ ներկայացնել իրենց նկատմամբ կատարվող ապօրինությունները: Որոշ տեղեկություններով, նրանք պատրաստվում են նոր նախաձեռնություն ստեղծել՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար: