2017 թվականի բյուջեի ճշտված եկամտային մասը կազմել է 1 տրլն 320,9 մլրդ դրամ, որտեղ մեծ տեսակարար կշիռ ունի հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր բաժինը՝ ավելի քան 93 տոկոս: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, այդտեղ 1,6 տոկոսով ավելացել է հարկային եկամուտների կշիռը եւ կազմել 1 տրլն 158 մլրդ դրամ, մինչդեռ ճշտված ցուցանիշը 1 տրլն 205 մլրդ դրամ է եղել:

«2016 թվականի համեմատ բացարձակ աճը կազմել է շուրջ 78,3 մլրդ դրամ, սակայն պետք է այդ ցուցանիշները բերել համադրելի դաշտ եւ մի կարեւոր գործոն հաշվի առնել՝ ավելացված արժեքի հարկի հետ վերադարձի գործոնը: Մինչեւ 2017 թվականը բյուջեի մասին օրենքում ծախսային մասում արտացոլվում էր ԱԱՀ հետվերադարձը արտահանողներին: Սակայն միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան այդ գործոնը հաշվի էին առնում եւ չեզոքացնում դրա ազդեցությունը բյուջեի մասով: 2016-ին արտահանողներին էր վերադարձվել գրեթե 50 մլրդ դրամ: Արդյունքում կարելի է նկատել, որ 2016-ի համեմատ բյուջեի եկամուտների աճը 2017-ին կազմել է 111 մլրդ դրամ»,-հայտարարեց Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 0,4 տոկոսով աճ է արձանագրվել 2017 թվականին, ինչը պայմանավորված է հարկային վարչարարությամբ եւ նոր օրենսդրությամբ:

«Պաշտոնական դրամաշնորհների մասով նախատեսված է եղել շուրջ 31 մլրդ դրամ, որի կատարողականը բավական ցածր է եղել, ընդամենը 42 տոկոս»,-ասաց ֆինանսների նախարարը: