ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ընդերքօգտագործող կազմակերպություններում լայնածավալ ստուգումներ սկսվեն եւ վեր կհանվեն բոլոր բացթողումները: Այս մասին, այսօր՝ մայսիի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով այդ առումով ԱԱԾ-ի հետ համագործակցություն չկա եւ ինքը տեղեկացված չէ 350 հոգանոց ցուցակի մասին:

«Ուսումնասիրություններն իրականացնում է ընդերքի վերահսկողության տեսչությունը, ինձ թվում է, որ դրանք կսկսվեն մոտ ժամանակներս: Երբ կլինի տեղեկատվություն, թե ինչ է կատարվում ոլորտում, համապատասխան որոշումներ կլինեն»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ հանքարդյունաբերույթյան ոլորտում ներգրավված է նաեւ իր կուսակցական ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախարար Գրիգորյանն ասաց. «Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, որն ունի ընդերք օգտագործելու թույլտվություն, մենք զրուցել ենք եւ նա ասել է՝ եթե ստուգումներ, ապա առաջինը ինձնից սկսեք: Հանձնարարական է տվել որպես կուսակցական ղեկավար: Իհարկե, թաքցնելու ոչինչ չունի: Թափանցիկ կհրապարակենք ամեն ինչ, դուք կտեսնեք»: