Այս պահին «Նաիրիտ» գործարանի հետ կապված ծրագրերով կան հետաքրքրված միջազգային կազմակերպություններ, որոնք շուտով կժամանեն Հայաստան եւ կանցկացնեն տեխնիկական աուդիտորական աշխատանքներ: Այս մասին, այսօր՝ մայսիի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկ՝ մայիսի 29-ին, նախարարությունում համակարգող խմբի հետ ունեցել են քննարկումներ. «Այդ թվում քննարկել ենք «Նաիրիտ»-ի հետագա գործարկման ծրագրերը: Այս պահին արդեն այդ ծրագրերով կան հետաքրքրված միջազգային կազմակերպություններ, որոնք շուտով կժամանեն Հայաստան եւ կանցկացնեն տեխնիկական աուդիտորական աշխատանքներ, կունենանք համապատասխան եզրակացություն: «Նաիրիտը» ճանաչվել է սնանկ, ու մենք որեւէ միջամտություն այս պահին չենք կարող ունենալ: Արդեն իսկ կան գույքագրված եւ աճուրդի ներկայացված գույք: Երեկվա մեր քննարկման ժամանակ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, ժամանակավորապես դադարեցնել այդ աշխատանքները, մինչեւ կունենանք տեխնիկական, աուդիտորական վերլուծությունը»:

Նախարարը տեղեկացրեց, որ հետաքրքրված միջազգային կազմակերպությունները եվրոպական երկրներից են եւ ԱՄՆ-ից. «Ես անձամբ դեռ չեմ հանդիպել, ուստի թույլ տվեք դեռ չպատասխանել»: