Անկարան դեմ է ԱՄՆ-ի ներկայությանը «Ինջիրլիք» ավիաբազայում՝ Վաշինգտոնի ոչ բարեկամական քաղաքականության պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ձգտում ենք բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Դրանք կարգավորելու համար ԱՄՆ-ը պետք է քայլեր ձեռնարկի Մանբիջի, Գյուլենի արտահանձման եւ այլ թեմաներով: Երբ խոսք է գնում դրա մասին, մեր ժողովուրդը ասում է. «Փակե՛ք «Ինջիրլիք», «Քյուրեջիք» ավիաբազաները»: Մենք մեր ձեռքում այլ խաղաքարտեր եւս ունենք: ԱՄՆ-ն մեզ նման դաշնակցի չպետք է կորցնի: Մենք սպասում ենք, որ ԱՄՆ-ն հետ կկանգնի իր սխալ քայլերից»,- A Haber-ին տված հարցազրույցում ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ Թուրքիան ակնկալում է լուծել Մանբիջի խնդիրը Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված ճանապարհային քարտեզի միջոցով:
«Սակայն եթե հույսը սպառվի, ապա Թուրքիան կկարողանա ցույց տալ իր ուժը: Մենք անկախ երկիր ենք եւ քայլեր կձեռնարկենք ըստ մեր հայեցողության»,- ավելացրել է թուրք նախարարը:





























