Առաջին անգամ մասնակցելով Երեւանի ավագանու նիստին՝ տպավորությունս այնպիսին է կարծես ընկել եմ «ծուռ հայելիների թագավորություն»։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Երեւանի ավագանու ավարտին տեղի ունեցած հարցուրպատասխանի ժամանակ հայտարարեց ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամ Նառա Հովհաննիսյանը։
«Մի քանի օր առաջ ձեր հարցազրույցում նշել էիք, որ թավշյա հեղափոխության հաջողություններից ամենանշանակալին արագությունն էր, եւ նշել էիք, որ դուք եւս կփորձեք արագ լինել։ Այս օրերին բոլորս աշխատում ենք ներգրավված լինել Երեւանի արդյունավետ կառավարման ուղղությամբ, ի պատասխան լսում ենք ձեր հանգիստ, հանդարտ, իրոնիայով լեցուն նկատառումները։ Դուք գիտեք, որ երկրում պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինձ համար առավել կառուցողական կլիներ ձեր թիմի մի փոքր ավելի հաշվետու աշխատելաոճի փոփոխությունը, ինչը չտեսանք այսօր օրակարգում։ Սա վկայում է, որ դուք մտադիր եք աշխատել նախկինի նման, բայց այսպես դեպի ո՞ւր։ Դու չե՞ք կարծում, որ պետք է քայլեր անեք»,-հարցրեց Նառա Հովհաննիսյանը։
Տարոն Մարգարյանն էլ իր հերթին ուղղեց, որ նման հարցազրույց չի տվել, այլ արտահոսք է եղել փակ քննարկումից, ապա հորդորեց Նառա Հովհաննիսյանին իր մյուս գործընկերներին մեղադրել, քանի որ նրանք օրակարգի հարցերը չեն համարում երեւանցուն վերաբորեղ․ «Օրակարգում բոլոր հարցերը վերաբերում են երեւանցուն»,-նշեց նա։
Նշենք, որ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունից Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, նրա փոխարեն ավագանու անդամ է դարձել «Ելք»-ի ցուցակի հաջորդ անդամ Վիկտոր Ենգիբարյանը:
ՀՀ փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանի փոխարեն «Ելք» խմբակցության անդամ է դարձել «Ելք»-ի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Նելլի Ղարդյանը, իսկ ԿԳ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանին փոխարինել է ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:




























